Մամուլ

Բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի բոլոր անդամների կյանքը

Դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քանի քաղաքացու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի շենքերից մեկից և վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 2-ին քաղաքացիները, 2-ին՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Անի Դ․-ն, 36-ամյա Տիգրան Դ․-ն, 39-ամյա Կարեն Ա․-ն և 57-ամյա Վերգինե Խ․-ն։

Աղբյուրի տեղեկություններով պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նշված անձինք ընտանիքի անդամներ են և նրանց կյանքը հնարավոր է եղել փրկել նախ հարևանների, ապա Վանաձորի շտապօգնության բժիշկների, փրկարարների և «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ։

Կիսվեք էջում