Մամուլ

Բոլոր եկեղեցիներում ու տաճարներում մոմեր վառեցի, բայց աստված չկար. Դավիթ Գիշյանի քրոջ գրառումը

Բոլոր եկեղեցիներում ու տաճարներում մոմեր վառեցի, բայց աստված չկար. Դավիթ Գիշյանի քրոջ գրառումը

Գերեվարված, իսկ հետո ադրբեջանական ագրեսիայի կողմից զոհված Դավիթ  Գիշյանի քույրը հուզիչ գրառում է արել իր էջում:

«Սիրտս տարար Քո հետ…

Ամբողջ կյանքում փորձել եմ Քեզ պաշտպանել: Պաշտպանում էի մանկապարտեզում, դպրոցում, բակում, տանը: Մինչև էնքան մեծացար, որ Դու դարձար իմ պաշտպանը: Մինչև Դու սկսեցիր իմ խնդիրները լուծել: Վերջին անգամ տուն եկար, էլի իմ խնդիրները լուծեցիր ու գնացիր:

Ինձ խորհուրդներ էիր տալիս` տարիքիցդ հասուն, իմաստուն:

Գնացիր, աշխարհի ամենաբարեկեցիկ ու ամենաապահով երկրներում եղար, բայց էլի Քո «արյունոտ» հայրենիքին անդավաճան մնացիր, որոշեցիր, որ չես ուզում մնալ էնտեղ, որ պետք է ծառայես:

Դավիթ Գիշյան

Պատրվակներ չփնտրեցիր ծառայությունից խուսափելու համար, երբ ուրիշները կեղծ թղթերով ու հիվանդություններով փախան բանակից` Դու հրաժարվեցիր, քանի անգամ ես ինձ ասել «դիրքերում կմեռնեմ, բայց չեմ ազատվի»:

Պատվով ծառայեցիր, ոչ մի բանից չբողոքեցիր, ամիսներ շարունակ ամենավտանգավոր դիրքերում, գիշերվա ամենամութ ժամերին կանգնեցիր, պահեցիր, վերջում էլ կյանքդ տվեցիր քո պարտքը կատարելու համար:

Բոլոր եղած ու չեղած աստվածներին աղոթեցի, խնդրեցի, որ ապահով ետ գաս: Բոլոր եկեղեցիներում ու տաճարներում մոմեր վառեցի, բայց աստված չկար:

Հիմա իմ աստվածը Դու ես:

Սիրտս տարար քո հետ, Դու էլ հավերժ մնացիր Սյունիքի լեռներում, Քո պարտականությանը անդավաճան:

Հպարտանում եմ, բայց ինձ իմ սիրուն, բարձրահասակ, բարի, ջերմ, կանաչ աչքերով, մաքուր ու իմ հոգու կես եղբայրն էր պետք…»։

Կիսվել