Մամուլ

Բնապահպանության նախարարը հանդիպման է հրավիրել նոբելյան մրցանակակրին և քննարկել հնարավոր համագործակցությունը. Տեսանյութ

Օրեր առաջ ֆեյսբուքյան էջում Մարիամ Ծառուկյանն իր նամակում պատմում էր, որ իր հայրը երկար տարիներ աշխատել է Բնապահպանության նախարարությունում (1986-2015թթ.), միջազգային փորձագետ է, մեծ ներդրում է ունեցել համաշխարհային բնապահպանության ոլորտում, Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) կազմում ստացել է 2007 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը:

 Մ. Ծառուկյանի խոսքով՝ «2015 թվականին Բնապահպանության նախարարությունում անարդարությունների և անբանիմաց նորանշանակ նախարարի բռի և անհարգալից վերաբերմունքի պատճառով ազատվել է Մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Տվյալ պահին աշխատում է տարբեր միջազգային բնապահպանական ծրագրերում:

Իսկ ՀՀ-ում քշում է «GG»: Ուզում եմ նաև նշել, որ միջազգային գագաթաժողովներից դեռ հրավերներ է ստանում և մասնակցում դրանց: Նա այնքան վիրավորված էր դուրս եկել աշխատանքից, որ վերադառնալու մասին անգամ խոսել չէր ցանկանում:

Բայց քանի որ շատ բան է փոխվել մեր երկրում, համարում եմ, որ հայրս մեծ ներդրում կարող է ունենալ նոր կանաչ, առանց արտանետումների Հայաստանում, եթե կարողանա իր մասնագիտությամբ աշխատել ու իր բազմամյա փորձը ներդնել ՀՀ-ի օգտին…

Խնդրում եմ արձագանքել իմ խնդրանքին և իրեն համապատասխան աշխատանք առաջարկել Նոր Հայաստանում, որովհետև երբ նման բարձունքների հասած մարդը տաքսի է քշում, դա պետության խայտառակությունն է»,- ասված էր նամակում:

Մարտիրոս Ծառուկյանը նշեց, որ 2015 թվականին դուրս է եկել աշխատանքից, քանի որ նախարարի կողմից վերաբերմունքը մարդկային և մասնագիտական արժանապատվության հետ անհամատեղելի էր: «Ես ուղղակի չուզեցի այդ պայմաններում, այդ մթնոլորտում, ստրկատիրական միջավայրում աշխատել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս էր դա դրսևորվում, Մ. Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ ուզում այդքան մանրանալ այդ ամեն ինչի մեջ: Արժանապատվության հետ անհամատեղելի պայմաններ էին ստեղծված, ես գերադասեցի մնալ արժանապատիվ և դուրս եկա»:

Մ. Ծառուկյանը պատմեց, որ արդեն 2 տարի է՝ «GG» տաքսի ծառայությունում էլ է աշխատում:

«Ինձ տարբեր տեղերից մասնագիտական գործունեություն իրականացնելու առաջարկներ են եղել: Կողքից էլ՝ երբ ազատ եմ եղել, «GG»-ում եմ աշխատել: Ինձ դուր է գալիս այդ աշխատանքի մարդկանց հետ շփման պահը, ազատությունը, հարմարավետությունը, այն, որ ղեկավարության հետ ոչ մի շփում չկա, դու քո գլխի տերն ես»,- ասաց նա:

 Մեր զրուցակիցը հայտնեց, որ այսօր արդեն արձագանքել են իր դստեր բաց նամակին՝ Բնապահպանության նախարարությունից իրեն հրավիրել էին հանդիպման.

«Նախարարությունից այսօր զանգ եղավ ինձ: Նախարարը ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ հետ: Հիմա ես գալիս եմ նրա հետ հանդիպումից: Նա մի քիչ նկարագրեց նախարարության վիճակը, տվեց իր էլեկտրոնային փոստի հասցեն,  խնդրեց, որ իմ CV-ն ուղարկեմ, կփորձի ինչ-որ համագործակցության եզրեր գտնել և ներգրավել ինչ-որ աշխատանքներում, որոնք իմ մասնագիտական գործունեության հետ առնչվում են»:

Խոսելով այն մասին, թե ընդհանուր առմամբ նա ի՞նչ տպավորություն ունի հանդիպումից, Մ. Ծառուկյանն ասաց, որ ինքը նախարար Էրիկ Գրիգորյանին վաղուց է ճանաչում.

«Ինքն իր կարիերան նախարարությունում է սկսել: Տարիներ շարունակ ճանաչում եմ նրան, ինքն էլ գիտեր Նոբելյան մրցանակի մասին: Ընկերական մթնոլորտում անցավ հանդիպումը»:

Մեր հարցին՝ այսինքն՝ բացառված չէ՞ ձեր համագործակցությունը, Մ. Ծառուկյանը պատասխանեց՝  չի կարծում, որ բացառված է. «Ասաց, որ, մասնավորապես, կլիմայի փոփոխության հետ կապված հարցերում կադրային վակուում կա, մարդկանց կարիք ունեն: Այնպես որ, կարծում եմ՝ համագործակցությունը կստացվի»:

Նյութի աղբյուր՝ 168.am

Կիսվել