Մամուլ

Բնակչության և գործարար դաշտի համար գազի թանկացումը խիստ բացասական ազդեցություն կունենա

Բնակչության և գործարար դաշտի համար գազի թանկացումը խիստ բացասական ազդեցություն կունենա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ հնարավոր է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի գազի սակագինը թանկացնելու համար։

Իսկ ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա»-ից, հայտնել էին՝ մտադիր են գազի գնի վերանայման համար դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և այդ մասով դեռ քննարկումներ են անցկացնում։

Այն հարցի շուրջ, թե ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության և առանձին տնտեսվարողների ֆինանսական կայունության վրա գազի սակագնի հնարավոր թանկացումը, Bavnews.am-ը զրուցեց տ․գ․թ․, դոցենտ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյանի հետ։

«2019թ․ սահմանին վաճառվող գազի գինը թանկացավ, սակայն Կառավարությունն հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցությունների արդյունքում ներքին սպառողի համար այն չթանկացավ՝ ներքին խնայողությունների և տնտեսումների հաշվին»,- ասաց նա։

Ջուլիետա Թադևոսյանի խոսքով դա կարող է շարունակական չլինել, քանի որ միջազգային առևտուրն ամենատարբեր գործոնների ազդեցությանն է ենթարկվում։

«Ավելին, վճռորոշ են հատկապես քաղաքական շահերը, ուստի և հնարավոր են ոչ սպառողամետ բանակցություններ»,- նշեց տնտեսագետը։

Ջուլիետա Թադևոսյանի խոսքով՝ թանկացումը խիստ բացասական ազդեցություն կարող է ունենալ բնակչության և գործարար դաշտի համար, իսկ այս պահին այլընտրանքներ գրեթե չունենք։

«Եթե սպառողի համար նկատի ունենանք, որ ձմռան ավարտին քիչ մնաց, կարծես այս մեկ տարին կգլորենք, սակայն նույնը ասել չենք կարող բիզնեսի համար»,- ընդգծեց տնտեսագետը։

Հելեն Բաղդասարյան

Կիսվել