Բնակարանը չմաքրելու պատճառով ամուսինը կյանքից զրկել է նախկին կնոջը․ նոր մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2025 թվականի նոյեմբերի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վ․Կ․-ն, իր բնակարանը մաքրելու պահանջը մերժելու պատճառով, նախկին կնոջ՝ Ա․Հ․-ի հետ առաջացած վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով վերջինիս:
Նախաքննության ընթացքում Վ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանությունը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



