Մամուլ

Բժիշկները պայքարում են ջերմային այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար

Shamshyan.com-ը հայտնում է, որի փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ջերմային այրվածք բոցով, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտ 40 տոկոս մարմնի մակերեսի ինհալացիոն վնասվածք, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժօգնության տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ 68-ամյա Լաուրա Մ․-ն է, ով կատարվածի մասին բացատրություն տալ չի կարող, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաններին տուժածի 32-ամյա որդին հայտնել է, որ նույն օրը տանը վառարանը փայտով վառելու համար իր մայրն օգտագործել է յուղով և բենզինով պատրաստված վառելանյութ, որի արդյունքում առաջացած կրակը վնասել է նրան։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։