Մամուլ

Բերդ-Ճամբարակ ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդին դուրս են բերել մեքենայից հատուկ տեխնիկայով

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում «SHACMAN» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Բերդի բժշկական կենտրոն»-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Բերդի բժշկական կենտրոն»: 

Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար մոտ 1 ժամ օգտագործել են հատուկ տեխնիկա, այդ ընթացքում էլ շտապօգնության բժիշկները ավտոմեքենայի մեջ վարորդին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արայիկ Աբովյանի, դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ: 

Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանը: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արշավիր Ղալթախչյանը, Վահե Ալթունյանն ու Աշոտ Մելիքբեկյանը:  

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ ահազանգողը չէր հայտնել, թե Բերդ-Ճամբարակ ճանապարհի որ հատվածում է տեղի ունեցել վթարը, իսկ այդ ճանաարհը մոտ 50 կմ երկարություն ունի: 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:

Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։