Մամուլ

Խաբեությո՞ւն, թե՞ մարքեթինգային հնարք. բենզինը եվրոպական է ներկայացվում, որ մարդիկ չբոյկոտեն այն

Ադրբեջանական բենզինի թեմայի համատեքստում «Շելլ» ընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ պնդելով, որ իրենց վառելիքը ներմուծվում է բացառապես Եվրոպայից և օգտագործվում է միայն եվրոպական արտադրության բենզին։ Նմանատիպ ծավալուն տեսանյութ է պատրաստել նաև «Սիփիէս»-ը՝ հայտարարելով, որ իրենց բենզինն ամբողջությամբ եվրոպական ծագում ունի։

Oragir.News-ի հարցին՝ Եվրոպայից Հայաստան բենզին ներմուծվո՞ւմ է, թե՞ ոչ, Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն ասաց, որ միշտ էլ ներմուծվել է, և դա նոր երևույթ չէ։

«Ընդհանրապես, շատ երկրներ՝ այդ թվում արաբականները, նավթ են արդյունահանում, բայց բենզին քիչ են արտադրում։ Իսկ եվրոպական երկրները հիմնականում ներմուծում են նավթ և արդեն տեղում վերամշակում այն՝ արտադրելով բենզին»,- նշեց Մանվելյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բենզինը գալիս էր Ռումինիայի Կոնստանցա նավահանգստով, հետո Վրաստանով՝ Հայաստան։ Նման ներմուծումներ եղել են նաև Բուլղարիայի նավահանգիստների միջոցով, սակայն դա չի նշանակել, որ բենզինը պարտադիր բուլղարական արտադրության է․ պարզապես բեռնափոխադրումն է իրականացվել այդ նավահանգիստներով։

Արդյոք փորձագետը հնարավոր համարո՞ւմ է այն վարկածը, որ ադրբեջանական բենզինի ներմուծումը կապում են Եվրոպայի հետ՝ այս ձևով փորձելով մոլորեցնել մարդկանց, նա նկատեց․

«Ինձ թվում է՝ խնդիրն այստեղ այլ է։ Վերջերս բոյկոտի կոչեր են հնչում, այդ թվում՝ մեր կողմից, որ չգնվի այն ընկերությունների վառելիքը, որոնց դեպքում հստակ գիտենք, որ դրանք կապ ունեն ադրբեջանական ծագման նավթամթերքի հետ․ օրինակ՝ «RanOil»-ի դեպքում։ Եվ հիմա, որպեսզի այդ ընկերությունները չհայտնվեն բոյկոտի թիրախում, սկսում են տեսանյութեր հրապարակել ու շեշտել, որ իրենց բենզինն ադրբեջանական չէ, այլ՝ «եվրոպական»։ Ըստ էության, խնդիրը հենց սա է»,- կարծիք հայտնեց Արմեն Մանվելյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստան-Վրաստան սահմանով (Այրում կայարան) Հայաստան է ներմուծվել 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին։ Այն Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։