Աշխարհ

Բաքվում ռուսական եկեղեցու առաջնորդն Արցախը համարում է «ազատագրված հող»

Hraparak.am-ը գրում է․ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմի նորանշանակ առաջնորդ, եպիսկոպոս Ալեքսիյ Սմիռնովը «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել, որը, կարծում ենք, պետք է ուշադրության արժանանա ոչ միայն հայ հասարակության, այլեւ հատկապես Հայ առաքելական եկեղեցու պատասխանատուների կողմից։

Հարցազրույցում Ալեքսիյ եպիսկոպոսը, ի պատասխան այն հարցին, թե արդյոք կա՞ մտադրություն՝ ընդլայնելու Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմի համայնքների թիվը, հաշվի առնելով, որ «Ադրբեջանն ազատագրել է իր հողերը, որոնք վերջին երեսուն տարիներին օկուպացված են եղել», պատասխանել է՝ նախ ներկայացնելով, թե առաջիկայում որ ուղղափառ կրոնական համայնքների պետական-իրավական կարգավիճակի հարցով է ինքը զբաղվելու, եւ ապա ասել է, որ առաջիկայում, հենց որ նման հնարավորություն ստեղծվի, անպայման այցելելու է «Ադրբեջանի ազատագրած հողերը»։

Եվ ապա շեշտել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմն իր առջեւ խնդիր է դրել՝ աջակցել Ադրբեջան պետության ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ ամրապնդելու հավատացյալների միջեւ եղած փոխհարաբերությունները։

Ըստ էության, Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան կղերականն իր հայտարարության մեջ արդարացնում, օրինական է համարում Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական բռնազավթումն ու հայաթափումը եւ ապա հայտարարում, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմն աջակցում է Ադրբեջան պետության տարածքային ամբողջականությանը։

Իհարկե, հասկանալի է, որ այս դեպքում ռուս բարձրաստիճան կղերականը պարզապես առաջնորդվում է իր եկեղեցու շահերով։ Սակայն առնվազն անհասկանալի է այն ռեւերանսը, որը նա անում է Ադրբեջանի ուղղությամբ՝ մի կողմ դնելով այն, որ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությունը կրոնական պատկանելությամբ քրիստոնյաներ էին եւ պատկանում էին Ռուս եկեղեցու հետ սերտ հարաբերություններ ունեցող ավանդական հնագույն եկեղեցիներից մեկին՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու։

Կիսվել