Բաքուն հայտարարում է Հայաստանի հերթական զիջումների մասին
Բաքուն հայտարարում է Հայաստանի հերթական զիջումների մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանը պատրաստ է գնալ հերթական զիջումներին։ Նշվում է, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Վահան Քերոբյանը դիմել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարին և պատրաստակամություն հայտնել Ադրբեջանի հետ բանակցություններ վարել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցման համար։ Այս մասին գրում է Փաստինֆո-ն:
Գործարանը պետք է լինի 16,5 հազար քմ տարածքում տարեկան 108 հազար տոննա արտադրողականությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ԵՏՀ գործադիր քարտուղարի անունից Ադրբեջանին ուղղված նամակում հաստատվել է, որ Հայաստանը պարտավորվում է քննարկումներ անցկացնել գործարանի շինարարության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ և ներկայացնել նախագծային փաստաթղթեր։
Ադրբեջանական լրատվամիջոցները նաև որպես հայկական կողմի զիջում են ներկայացնում այն, որ այդ ամենի ֆոնին Քերոբյանը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ գործարանի շինարարությունը տեղափոխվելու է Երասխի՝ Նախիջևանի հետ սահմանից ավելի հեռու վայր։