Բաքուն Հայաստանից ակնկալում է փոխհատուցում՝ տարածքներ՝ գումարի փոխարեն
Բաքուն Հայաստանից ակնկալում է փոխհատուցում՝ տարածքներ՝ գումարի փոխարեն
Բաքուն արդեն փորձում է հող նախապատրաստել՝ Հայաստանի առաջ տարածքային զիջումների պահանջ ներկայացնելու համար։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են խաղաղության շրջանակային սկզբունքների շուրջ։
Նա նշել է, որ բանակցությունները կոնկրետ հարցերի, այդ թվում՝ սահմանների և հաղորդակցությունների շուրջ, կշարունակվեն ավելի ուշ, իսկ հետո կանցնեն հումանիտար հարցերին և օկուպացիայի համար Հայաստանի քաղաքական պատասխանատվությանը։
Զուլֆուգարովը նաև ասել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի փոխհատուցում վճարել, Ադրբեջանը կարող է դիմել միջազգային դատարան։ Տարածքային փոխհատուցման տարբերակը նույնպես հնարավոր է, եթե Հայաստանը չկարողանա վճարել պահանջվող գումարը՝ ասել է նա։
Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային պրակտիկան ներառում է տարածքային բանակցությունների դեպքեր, ինչպես դա եղավ Չինաստանի և ԽՍՀՄ-ի միջև։
«Եթե Հայաստանը տեսնում է, որ փոխհատուցման պահանջվող չափն անհասանելի է, ապա տարածքային փոխհատուցումը կարող է քննարկվել բանակցությունների միջոցով։ Միջազգային պրակտիկայում բանակցություններ են եղել տարածքային հարցի շուրջ։ Օրինակ՝ Չինաստանը, որը ցանկանում էր ելք ունենալ դեպի ծով Հեռավոր Արևելքում, ԽՍՀՄ-ին առաջարկեց փոխանակել հողի մի մասը։ Այսինքն՝ միջազգային պրակտիկայում նման դեպքեր կան։ Բայց նախ այս թեման պետք է բարձրացվի»,- հայտարարել է Զուլֆուգարովը։