Մամուլ

Բաքուն բացեց հայկական բանակի ճանապարհը

Բաքուն բացեց հայկական բանակի ճանապարհը

Lragir.am-ը գրում է․ Բաքուն, նախքան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների հնարավոր վերսկսումը, փորձում է հասնել Արցախում հայկական ռազմական գործոնի վերացմանը:

Երեկ Բաքվի ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի կողմից Ղարաբաղ զինված ուժերի անձնակազմի տեղափոխման» և նոր դիրքեր տեղակայելու դեպքեր: Բաքվի գերատեսչությունն ընդգծում է, որ կանխում է նման գործողությունները:

Հիշեցնենք, որ օրերս Արցախի ՊՆ-ն հայտնել էր Շոշ-Մխիթարաշեն գծի երկայնքով գնդակոծությունների մասին, ինչպես նաեւ այն տարածքներում, որտեղ, ըստ Բաքվի, հայկական կողմն ամրապնդում է իր դիրքերը: Բաքուն առաջին անգամը չէ, որ խախտում է հրադադարի ռեժիմը:

Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նոյեմբերի 9 -ի հայտարարության առաջին պարբերությունը հստակ սահմանում է. «․․․կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

hh sahman

Ադրբեջանը դրանից հետո նոր դիրքեր է զբաղեցրել։ «Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին», նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։

Ընդգծելով, որ վերջին նման դեպքը գրանցվել է օգոստոսի 11-ին Մխիթարաշեն եւ Շոշ գյուղերի հատվածում, Հայաստանի ԱԳՆ-ն նշում է․ «Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, բացահայտ կեղծիք է»։

Բաքվի ԱԳՆ -ն արձագանքեց՝ ասելով, որ «կանգ առնել» բառը չի նշանակում «մնալ» ոչ այս համատեքստում, ոչ էլ որևէ այլ համատեքստում: Այլ կերպ ասած, Բաքվի ԱԳՆ-ն կասկածի տակ է դնում Եռակողմ հայտարարությունը՝ նշելով, որ այն կարելի է ուզածի պես մեկնաբանել, կարելի է մեկ օր կանգ առնել, այնուհետև առաջ շարժվել:

Կիսվել