Մամուլ

Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ

Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները խախտելու համար: Խոսքը վերաբերում է դիմակ կրելուն:

Ըստ այդմ,

  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում`20 հազար դրամի չափոեվ:
  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:

Նախագիծը խորհդարանում ներկայացնելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Որպես հիմնավորում նշվել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-265-Ն օրենքով սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտումից բխող ազատ տեղաշարժի պայմանները եւ պահանջները խախտելու վարչական իրավախախտումը:

Այդուհանդերձ, նկատի ունենալով արտակարգ դրության ընթացքում իրավական ռեժիմի հաճախակի հանդիպող խախտումը անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաեւ հատուկ նորմեր, որոնցով հնարավոր կլինի թիրախային կարգավորել կոնկրետ հարաբերություններ: Այս նախագծով նաեւ սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները եւ դրա իրավական հետեւանքները: Նախատեսվում է սահմանել նաեւ վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Կիսվել