Բացօթյա առևտրով զբաղվողներն այլևս փողոցում չեն, բայց շուկա էլ չեն տեղափոխվել
Երեւանի մայթերն ազատված են վաճառականներից: Տեւական ժամանակ այստեղ ծավալվող բացօթյա առեւտուրը, որն Ամանորի նախաշեմին հասել էր գագաթնակետին, ըստ էության վերացվել է:
Քաղաքային իշխանություններն առեւտրականներին առաջարկել ու պահանջել են տեղափոխվել շուկաներ: Բայց նրանց մեծ մասը կարծես չի շտապում դա անել՝ չնայած այն հանգամանքին, որ մասնավորապես Հայկական թիվ 2 շուկան (Գում) հայտարարել է սկզբնական փուլում անվճար տարածքներ տրամադրելու պատրաստակամության մասին:
«Մարդիկ երեկվանից են եկել մեզ մոտ: Բնական է, երբ գալիս են, հարցնում ենք ՝ որտեղից եք եկել: Չնայած՝ իրենք էլ են ասում՝ բացօթյա առեւտուր անողներն ենք, արգելել են, գիտենք, որ մեզ տեղ եք տրամադրում, նաեւ՝ անվճար: Երեկ երկու հոգի են եկել: Այսօր էլ՝ երկու հոգի: Բայց երեկվա եկածները այսօր չկան, չգիտեմ՝ ինչն է պատճառը: Իսկ մեր պայմանները հետեւյալն են, մենք ցանկացած մարդու, ով կգա շուկա, մեկ ամիս անվճար տեղ ենք տրամադրում, երկրորդ ամիսը կվճարի 500 դրամ (օրական-խմբ.), նոր դրանից հետո, եթե ինքը կուզենա ավելի մեծ տարածք վերցնել, առավելագույն վճարը կլինի հազար դրամ»,- մեզ հետ զրույցում ասաց շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը: Նա հավաստիացրեց, որ վճարի չափը նույնն է թե՛ դրսում եւ թե՛ ներսում աշխատելու համար: Այստեղ ընդհանուր առմամբ կա մոտ 250 ազատ տեղ:
Վազգեն Նահապետյանը ոչ միայն որպես շուկայի տնօրեն, այլ նաեւ որպես քաղաքացի կարծում է, որ առեւտուրը պետք է իրականացվի դրա համար սահմանված վայրերում, որը թե՛ հակահիգիենիկ չի լինի եւ թե՛ կվերահսկվի: «Շուկայում տարածքը մաքուր է, ամեն ինչ հսկվում է, կշեռքները ստուգվում են: Իսկ փողոցում ո՞վ է ստուգելու՝ կշեռքը ճիշտ է աշխատում, սխալ է աշխատում»,- նկատեց նա:
Մեր այցելության ժամանակ Գումի շուկայում միայն մեկ տարեց կնոջ հանդիպեցինք, որը մինչ այդ իր ապրանքը վաճառել էր Տիգրան Մեծ պողոտայի մայթերին, իսկ հիմա տեղափոխվել էր շուկայի տարածք: Տիկին Հայկանուշը նստած էր դրսում՝ իր մի քանի կապ կանաչիները ոտքերի մոտ դրած: Ասաց, որ 90-ականների սկզբից այս շուկայում է աշխատել, միայն նախորդ տարվա վերջին էր որոշել տեղափոխվել փողոց. «Ես ամսվա վերջում էի գնացել: Ճիշտն ասած, որ ճանապարհածախսս չէի կարողանում հանել (Աբովյանից եմ գալիս), գնացել էի էնտեղ: Մեծ կին եմ, մրսում էի, ուզում էի շուտ վերջացնեմ, որ գնամ տուն, թե չէ շուկան վատ չի: Ես միշտ էստեղ եմ կանգնած եղել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։