Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան «ՀԺ»
Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան «ՀԺ»։
Armtimes.com-ը գրում է․ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀԺ-ի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։
Հրաժարականից հետո Վանեցյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Վրաստանում:
Մամուլում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը եւ տեւել մի քանի ժամ: Այնուհետեւ մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Վանեցյանը առաջիկայում կանդամագրվի ԲՀԿ-ին:
«Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- մեր զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:
– Պարոն Վանեցյան, այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ շրջանառվում:
– Դա արդեն գրողներից է պետք հարցնել, ումից են պատվեր ստացել, որ նման նյութեր գրեն:
– Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ չի՞ եղել:
– Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբեւիցե կյանքիս մեջ որեւէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն:
– Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն եք միայն բացառում:
– Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո: Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ:
– Պարոն Վանեցյան, հրաժարականից հետո ձեր հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջից, սա արդյո՞ք նշանակում է, որ դուք զղջացել եք այդ հայտարարությունն անելու համար:
– Ֆեյսբուքյան էջից հայտարարություն հանել-չհանելու հարցով պետք է դիմել ԱԱԾ եւ իրենց պաշտոնական կարծիքը ստանալ: Այն իմ իմացությամբ չի հանվել, հանվել է նոր ղեկավարության կողմից, չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով:
– Պարոն Վանեցյան, ձեր հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք:
– Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիտ կշարունակեմ իմ կյանքը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում