Բարձր ամբիոնից չի կարելի այդպիսի հայտարարություններ անել․ Շուշիի նախկին քաղաքապետը Նիկոլ Փաշինյանին
Բարձր ամբիոնից չի կարելի այդպիսի հայտարարություններ անել․ Շուշիի նախկին քաղաքապետը Նիկոլ Փաշինյանին
Tert.am-ը գրում է․ Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը վրդովված է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից, թե Շուշին ադրբեջանական քաղաք է եղել:
Ալիևը ստերով իր ժողովրդի գլուխը լցրել է, թե Հայաստան չի եղել, Ադրբեջան եղել է, հիմա մենք էլ այսօր ասում ենք՝ այո, Շուշին ադրբեջանական է եղել, վաղն էլ մի ուրիշ բան ենք ասելու։ Ես վրդովված եմ այդ հայտարարությունից, հատկապես բարձր ամբիոնից չի կարելի այդպիսի հայտարարություններ անել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդպիսի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։
«Ես այսպիսի մի բան կասեմ՝ երբ ՀՀ-ում սովետական շրջանում ադրբեջանցիներ էին գտնվում, օրինակ՝ Մասիսի շրջանում ադրբեջանցիներ են եղել, ուրեմն՝ Մասիսը ադրբեջանակա՞ն է եղել։ Բա ինչու՞ չեն ասում՝ Սումգայիթում ինչքան հայեր են եղել, Սումգայիթը հայկական քաղաք է եղել, ինչո՞ւ Գանձակի մասին չեն ասում, որ հայկական է եղել։
Ինչու՞ չեն ասում, որ 450-500 հազար հայեր են եղել Ադրբեջանում։ Դրանց մասին թող խոսեն։ Ու՞ր են մեր Շահումյանը, Գետաշենը, բա ինչու՞ չեն ասում, որ դրանք բուն հայկական են։ Շուշիում Լեո է ծնվել, Մուրացան է ծնվել, Նելսոն Ստեփանյան է եղել, ու շատ-շատ մեծեր են եղել։ Կարո՞ղ է ասեն՝ իրենք էլ են թուրքեր»,-ասաց Սարգսյանը։
Նա հարց հնչեցրեց՝ տանուլ տալով, հողերը տալով, զիջելով՝ հիմա էլ պատմությու՞ն ենք զիջում։
«Պատմություն պետք է ուսումնասիրեն, որ հասկանան՝ Շուշին հին հայկական քաղաք է, 11 եկեղեցի ունեցող։ Բա այդքան ժամանակ, որ Շուշին պատմամշակութային հայկական քաղաք է եղել, հայկական ոճով կառուցված, դա մոռանա՞նք։
ՀՀ-ում գյուղեր կան, որ ադրբեջանական անուններ ունեն, ուրեմն՝ այն ժամանակ ադրբեջանական գյուղե՞ր են եղել Հայաստանում, Հայաստանն ադրբեջանակա՞ն է։ Ես չեմ հասկանում՝ դա ինչ անպատասխանատու հայտարարություն է»,-ասաց նա՝ նշելով, թե այսպիսի հայտարարությունները նպաստում են Ադրբեջանին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում