Մամուլ

Բարձրանամ դիրքեր, գամ, լավ նորություն եմ ասելու. գնաց ու հայտնվեց գերության մեջ

Բարձրանամ դիրքեր, գամ, լավ նորություն եմ ասելու. գնաց ու հայտնվեց գերության մեջ

Mediahub-ը գրում է․ «Իմ լավ լինելը կախված է ձեզանից, ուժեղ եղեք, մինչև գամ, Աստված մեծ ա»,- ամեն անգամ այս խոսքերն են ապրեցնում Նունեին, երբ խոսում է որդու՝ Բաքվում գերության մեջ գտնվող Վասիլի Բեգլարյանի հետ։ 

Վասիլին գերեվարվել է Արցախի Մարտակերտի շրջանից։ Գրեթե 1 տարի 5 ամիս գտնվում է Բաքվում։

«Դատավարության ընթացքից տեղյակ ենք այնքանով, որքանով լուսաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այդ մասին ես չեմ հարցնում, եթե անհրաժեշտ լինի ինքը կխոսի։ Վասյան միշտ լավ տրամադրությամբ է մեզ հետ խոսում, տեսանյութերում էլ տեսքը վատ չէ։

Մի անգամ աղջիկս հարցրեց՝ «հո՞ չեն նեղում», ասաց՝ «չէ, մատով չեն կպնում, հանգիստ եղեք, մի մտածեք»։ Մամա եմ, որ տղաս կողքիս չի մտածում եմ, բայց և հավատում եմ, որ կգա»,- ասում է մայրը։ 

Նունեն շատ երազանքներ ունի կապված որդու հետ։ Վերջին անգամ դիրքեր բարձրանալուց առաջ քրոջն ասել է՝ «բարձրանամ դիրքեր, գամ, լավ նորություն եմ ասելու»։ Մոր խոսքով՝ բլոկադայի ժամանակ սիրահարվել էր, բայց իրեն նոր են պատմել այդ մասին։ 

«Պետք է դիրքերից իջներ ու հայտարարեր լուրը։ Գնացել է, պատերազմ է եղել, հետո հայտնվել է գերության մեջ։ Ցավոք, այդ աղջկան չենք ճանաչում։ Չորեքշաբթի օրը զանգեց, հարցրեցի, ժպտաց, «ամեն ինչ քո սրտով կլինի» ասաց ու փոխեց թեման։

Ե՞րբ կվերադառնան մեր զավակները, հայտնի չէ։ Դատավարությունը դեռ շարունակվում է»,- հավելեց մայրը։

Կիսվեք էջում