Բան չունեմ ասելու` մարդ է մահացել, բայց դա չի նշանակում այդտեղ ով կար պետք է դատվի
Hraparak.am-ը գրում է․ Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում վիճաբանություն եղավ, կրակոցներ հնչեցին և մարդ սպանվեց։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լյովա Բանդուրյանն էր, որը քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի որդին է։
«Սևան» բժշկական կենտրոն տեղափոխվեցին Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ Սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։ Հարուցվեց քրեական գործ, առաջադրվեցին մեղադրանքներ, Արա Բանդուրյանին եւ նրա հետ եղած անձին՝ Միսաք Փաշիկյանին կալանավորեցին: Դեպքից երկու ամիս անց Քննչական կոմիտեն ավարտել է գործի նախաքննությունը, այն ուղարկել վերահսկող դատախազին հաստատելու համար։
Լյովա Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, որը նաեւ Միսաք Փաշիկյանի շահերի պաշտպանությամբ է զբաղվում, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ գործն ուղարկվել է դատարան, սակայն դեռեւս հայտնի չէ՝ որ դատավորին է մակագրվել։
Անդրադառնալով գործի նախաքննությանը, նա նշեց՝ գովելի է, որ նախաքննությունը շուտ է ավարտվել, սակայն եղել են որակումների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց հետ համաձայն չեն․ «Օրինակ, արարքի որակման առումով այն, որ, երբ տեսագրությունը տեսնում ես, վերլուծության ես ենթարկվում` որպես իրավական անձ, տեսնում ես, որ Լյովա Բանդուրյանը որեւէ հանցավոր արարք չի կատարում, բայց այսօր միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների համար նա մեղադրվում է։ Սկզբում խուլիգանության հանցակազմով էր մեղադրանք առաջադրվել, հետո մեղադրանքին նաեւ միացավ «խմբի կազմում ծանր մարմնական վնասվածք հասցնելու» մեղադրանքը, ինչը ծանր մեղադրանք է»։
Խոսելով իր մյուս պաշտպանյալի՝ Փաշիկյանի գործուղությունների մասին՝ ասաց․ «Անհերքելի է, որ նա է ծանր մարմնական վնասվածքներ հասցրել, բայց հասցրել է որոշակի հանգամանքների բերումով, որը քրեական հետապնդումը բացառող հանգամանքների իրավիճակում է կատարվել»։
Ըստ փաստաբանի՝ կոնֆլիկտը դեռ չսկսված, սպանվածի հորեղբոր որդին՝ Էդգար Աֆյանը, մարտական ատրճանակը հանել է, որպեսզի կրակ արձակի կանգնածների ուղղությամբ․
«Ես չեմ կարծում որ խելամիտ մարդը այդ պայմաններում, եթե ի վիճակի է, պաշտպանության գործողություններ չանի, այս մարդն (Մ․Փ․-ն) էլ լինելով կառատեի աշխարհի չեմպիոն, միանգամից հնարք է կիրառել, ատրճանակը բռնել է, փորձել է ձեռքից վերցնել, այդ ընթացքում կրակոց է արձակվել, ինքն էլ անհրաժեշտ պաշտպանական վիճակից ելնելով սկսել է նրան հարվածներ հասցնել, այնքան է խփել կողքերին, որ ծանր մարմնական վնասվածք է հասցրել, ինքը՝ մենակով։
Հիմա այս պայմաններում ասում են՝ Լյովա Բանդուրյանն էլ է մասնակցել, խփել է, բայց այդ տեսագրությունում չի երևում, մարդուն մեղադրում են ապացույցների առկայության պայմաններում, հիմա այդ չկա, քննիչին ասում ենք՝ խփելու պահը ո՞րն է, մենք էլ տեսնենք, մենք նայում ենք` չենք գտնում, իրենք ասում են՝ խփել է, այսպիսի անհասկանալի իրավիճակ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում