Մամուլ

Բաղրամյան պողոտայում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջն ու նրա գրկում գտնվող երեխային

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում «Օպերա սուիթ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 40-ամյա Սոնա Թումանյանին և 11-ամյա Արտյոմ Ե․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Ս․ Թումանյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Արտյոմ Ե․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լև Զաքարյանն ու Նարեկ Մկրտչյանը։

toyota vraert

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել իսկ հետիոտներն էլ, ովքեր, ըստ տեղեկությունների, ազգականներ են, փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով։ Ս․ Թումանյանը երեխային գրկած է եղել։

Կիսվել