Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Volkswagen»-ն ու «SHACMAN» բեռնատարը. ճանապարհը եղել է մերկասառույց
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ Մ6 ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի կարմիր ավազահանքերի մոտ, բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Թումանյանը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է եղել և ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել այն աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



