Աֆրիկայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ավելի ծանր է. ի՞նչ է սպասվում մայրցամաքին
Աֆրիկայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ավելի ծանր է. ի՞նչ է սպասվում մայրցամաքին
Blognews.am-ը գրում է․ Եթե զարգացած պետություններում բժշկությունը դժվարությամբ է կարողանում դիմակայել կորոնավիրուսի հասցրած հարվածներին, ապա պատկերացնու՞մ եք՝ ինչ է կատարվում երրորդ աշխարհի պետություններում, մասնավորապես՝ Աֆրիկա մայրցամաքում:
Կորոնավիրուսը ներխուժել է աֆրիկյան 52 պետություն: Վարակակիրների ու զոհերի թվով առաջին հորիզոնականներում են ՀԱՀ-ը, Եգիպտոսը, Մարոկոն և Ալժիրը: Սակայն մասնագետները վստահեցնում են, որ Աֆրիկայի մյուս պետություններում իրավիճակն ավելի լավը չէ, պարզապես այնտեղ բավարար քանակությամբ թեստավորումներ չեն իրականացվում:
Դեռևս ապրիլի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր աֆրիկյան պետություններում սպասվող չափազանց վտանգավոր իրավիճակի մասին: Այդ երկրներում առողջապահությունը բավականաչափ զարգացած չէ համաճարակին դիմակայելու համար:
«Կրակի վրա յուղ են լցնում» եվրոպական երկրներից՝ Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից վերադարձող աֆրիկյան քաղաքացիները: Դրանք հիմնականում ապօրինի գաղթականներն են Մարոկոյից և Ալժիրից, որոնք փորձում են աշխատանք գտնել զարգացած պետություններում: Սակայն կորոնավիրուսի հետ կապված իրավի-ակով պայմանավորված այնտեղ ևս մնացել են առանց աշխատանքի ու առանց գումարի:
Ըստ մասնագետների կանխատեսումների՝ աֆրիկյան պետությունները սեփական ուժերով դժվար թե կարողանան պայքարել վիրուսի դեմ. առողջապահությունը թերզարգացած է, դեղամիջոցները չեն բավականացնում: Աֆրիկայում համաճարակն ավելի վտանգավոր է, քանի որ պետությունների մեծ մասը չափազանց խիտ բնակեցված է, ինչպես նաև կրոնական հատուկ ավանդույթեր գոյություն ունեն:
Օրինակ՝ որոշ կրոնական աղանդների հետևորդներ հրաժարվում են պատվաստումից: Այս երևույթը նկատելի հետևանքներ է ունեցել նաև աֆրիկյան մայրցամաքում HIV/AIDS պրոֆիլակտիկայի ժամանակ:
Եթե պիկը հասնի նաև Աֆրիկյան երկրներին, ապա արևմուտքը, ամենայն հավանականությամբ, «կինքնամեկուսանա» աֆրիկյան խնդիրներից՝ կկտրի տրանսպորտային բոլոր կապերն ու միգրացիոն հոսքերը, կդադարեցնի առևտուրը:
Մայիսի 1-ի դրությամբ Աֆրիկայի 52 պետություններում գրանցվել է վարակման 45,586 դեպք: Մահացել է 1,806 մարդ: Առավել մեծ քանակությամբ թեստավորումներ իրականացվել են ՀԱՀ-ում, որտեղ նաև կարանտինային ռեժիմ է սահմանվել:
Նիգերիայում վերջին երկու ամսում բազմաթիվ տարեց մարդիկ են մահացել թոքային հիվանդություններից: Սակայն վիճակագրության մեջ ցույց չի տրվում, որ պատճառ է հանդիսացել հենց կորոնավիրուսը: Նույնն է իրավիճակը նաև Սոմալիում: