«Արփին իսկապես չգիտեր». Միհրան Ծառուկյանի մենահամերգի հետաքրքիր դրվագներն ու նշանդրեքի մասին խոստովանությունը
«Արփին իսկապես չգիտեր». Միհրան Ծառուկյանի մենահամերգի հետաքրքիր դրվագներն ու նշանդրեքի մասին խոստովանությունը:
«Սիրո կինո» խորագիրը կրող երեւանյան առաջին մեծ մենահամերգով երգիչ Միհրան Ծառուկյանը երեկ հանդես եկավ Կարեն Դիմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճում տիրում էր աշխույժ մթնոլորտ եւ ուրախ տրամադրություն, եւ մինչ երգիչն ու իր թիմը հետնաբեմում պատրաստվում էին ելույթին, աստիճանաբար վերջանում էին ազատ աթոռները: Չչարաշահելով հանդիսատեսի համբերությունը՝ լուսային ու գունային հետաքրքիր ձեւավորմամբ եւ երգչի ամենատարածված ու սիրելի երգերից մեկով էլ մեկնարկեց համերգը, որի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը:
Երեկոյի ընթացքում հնչեցին երգչի հիթերը: Համերգային ծրագրում գերակշռում էին սիրային թեմատիկայով ստեղծագործությունները, սակայն Միհրանը կատարեց նաեւ մայրերին նվիրված երգ՝ շնորհակալություն հայտնելով դահլիճում գտնվող մորը՝ միշտ իր կողքին լինելու եւ քաջալերելու համար:
Վերջին շրջանում Միհրանն իր ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում երգի մրցույթ էր հայտարարել եւ հաղթողի հետ ներկայացավ զուգերով: Հնչեց նաեւ «Յարս Վայքում ա» զուգերգը՝ Ռաֆայել Երանոսյանի, Անդրանիկ Հարությունյանի եւ Ռիչարդ Մադլենյանի հետ:
Երբ կարծես թե ծրագրի բոլոր երգերը երգիչը կատարել էր, հանկարծ նա անհետացավ բեմից եւ սկսեց հանդիսատեսի հետ զրուցել հետնաբեմից: Իր եւ Արփի Գաբրիելյանի զուգերգի նոտաները հանդիսատեսին արդեն հուշում էին, թե շուտով ով կհայտնվի բեմում, սակայն Միհրանը փոքր-ինչ ձգձգեց պահը՝ ավելի շատ հետաքրքրություն առաջացնելու համար: Ի վերջո, երգիչը սկսեց երգել հենց հանդիսատեսի կողքին կանգնած, իսկ Արփին հայտնվեց բեմում: Զուգերգի վերջում կատարվեց անսպասելին. «Վաղն Արփիի ծննդյան օրն է, եկեք մի քիչ առաջ ընկնենք ու շնորհավորենք»՝ ասաց Միհրանը, իսկ բեմ բերեցին ծաղկեփնջեր՝ նվիրելով երգչուհուն: Սակայն այսքանով չավարտվեց անակնկալը. Միհրանը մատանի դրեց սիրելիի մատնեմատին՝ այդ կերպ ամուսնության առաջարկություն անելով նրան: Արփին անչափ հուզվեց եւ չէր կարողանում խոսել, միայն ասաց, որ անչափ շնորհակալ է, դե, իսկ դահլիճը թնդում էր բարձր գոռում-գոչյուններից ու ծափերից:
Համերգի ավարտին հետնաբեմում Միհրանն ու Արփին պատասխանեցին լրագրողների մի քանի հարցին:
«Մենք նշանված չենք եղել». Արփի Գաբրիելյան
Եթե անկեղծ՝ ինձ թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվում, բացարձակ չէի սպասում. Շատ տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ ծնունդս պետք է շնորհավորեին, որովհետեւ կա նման մի միտք, որ չի կարելի նախապես շնորհավորել: Հետո արդեն տեսա մատանին:
Եթե այսքան շատ վկաներով չլիներ, չէի հանրայնացնի իմ ամուսնությունը: Տեսակով ավելի ուշադրություն չսիրող մարդ եմ, որքան էլ տարօրինակ է ու չի համապատասխանում այն մասնագիտությանը, որն ընտրել եմ: Երբեւէ չեմ մտածել, որ նման ասպարեզի մարդու հետ պետք է կյանքս կապեմ, ու որ այդպես ստացվեց, էլ ավելի շատ առաջացավ այդ բարդույթը: Մենք նշանված չենք եղել, սա առաջին պաշտոնական նշանդրեքն է, եթե կարելի է այդպես ասել: Եթե անկեղծ՝ նույնիսկ այս մասին նոր բեմում իմացա:
«Հասկացա՝ ավելի լավ պահ չեմ գտնի». Միհրան Ծառուկյան
Անակնկալին երկար ժամանակ է, ինչ պատրաստվում էի: Հասկացա՝ մենահամերգից լավ պահ չեմ գտնի: Իսկապես անակնկալ էր. ոչ մեկը չգիտեր:
Շատ ջերմ հանդիսատես էր, անչափ շնորհակալ եմ: Սկզբում շատ հուզված էի, հետո այդ ջերմությունից ուժ ստացա եւ սկսեցի ավելի ազատ զգալ ինձ բեմում: Ուզում եմ շնորհակալություն հայտնեկ այն մարդկանց, ովքեր եկան եւ իմ օրը տոն դարձրին:
Ստացվեց այնպես, որ հենց այս տարվա այս օրը պլանավորեցի մենահամերգը, իսկ այսօր նաեւ Երիտասարդների միջազգային օրն է, ավելի լավ ընտրություն, կարծում եմ, չէի կարող անել: Որոշեցի մեր երիտաարդությանը լավ երեկո պարգեւել եւ հուսով եմ՝ ստացվել է:
Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պատկերացրել էի: Շնորհակալ եմ Աստծուն, որ այսքան լավ անցավ համերգը: Եվ բոլոր այն մարդկանց, ովքեր չարչարվել եւ աշխատել են նախագծի շուրջ. եթե նրանք չլինեին, համերգը չէր կայանա:
Աղբյուր՝ bravo.am