Արցախի հերոսի բարձագույն կոչումը կրող մարդուն, վայել չէ այդօրինակ նահանջող պահվածքը. Վիտալի Բալասանյանը՝ Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների և Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին: Արցախի հերոսի բարձագույն կոչումը կրող մարդուն, վայել չէ այդօրինակ նահանջող պահվածքը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, որ, Ս. Բաբայանի առաջարկով, բացի Քաշաթաղից, որն ընդգրկում է ոչ թե ներկայիս, այլ նախկին Լաչինի շրջանը և Քարվաճառից, մյուս հինգ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:
Իսկ Արցախը պետք է դառնա որևէ երկրի հովանու ներքո մանդատային տարածք, այն դեպքում, որ հենց Սամվել Բաբայանի կողմից նշվող բոլոր օրինակները, մասնավորապես Պաղեստինի, որտեղ տեղի ունեցող բախումների մասին գրեթե ամեն օր հայտնում է միջազգային մամուլը և այլն, բացի կորուստներից որևէ աննշան հաջողություն չեն ունեցել:
«Ժամանակին, երբ Սամվել Բաբայանին Արկադի Ղուկասյանի կողմից ներում շնորհվեց, ու նա տեղափոխվեց Երևան և սկսեց մասնակցել քաղաքական գործընթացների, շատ ակտիվ խոսում էր 5+1+1 բանաձևի մասին և պնդում, որ բացի Լաչինից և Քարվաճառից, մնացած հինգ շրջանները վիճարկելի տարածքներ են: Այսօր նա կրկին հաստատում է այդ հրեշավոր թեզը՝ փորձելով ժողովրդի մեջ առաջացնել վախի և անվստահության մթնոլորտ սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է Վ. Բալասանյանը:
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված վիճարկելի տարածքներ չկան և ամոթ է, երբ հաղթանակած բանակի հրամանատարը գիշեր ու զօր քարոզչություն է տանում թշնամու բանակի ամենազորության և մեր բանակի տկարության մասին:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա այդպիսի բան, և սրանք խոսքեր են մի մարդու, ով ուղղակի չի տիրապետում հայկական զինուժի հզոր արսենալին: Դրանում մենք համոզվեցինք նաև ապրիլյան պատերազմին նրա կողմից տրված թյուր գնահատականից: Ասեմ ավելին, եթե թշնամին վստահ եղավ, որ իր այդ երևակայական զենք-զինամթերքով, որի մասին այդքան վախեցած խոսում է Սամվել Բաբայանը, կարող է մեզ հաղթել, վաղուց դա արած կլիներ:
Ոչ ոքի, առավել ևս Արցախի հերոսի բարձագույն կոչումը կրող մարդուն, վայել չէ այդօրինակ նահանջող պահվածքը, այդ թվում՝ կեղծ տեղեկությունների տարածումը, թե իբր բանակցությունների ժամանակ Արցախի իշխանությունները խոսում են հողերը զիջելու մասին և այլն:
Նախ Արցախի իշխանությունները բանակցային գործընթացին չեն մասնակցում, երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, արդեն մի քանի տարի է՝ գոյություն չունի: Եվ այս թեման անընդհատ շահարկել ու արդարացնել սեփական զիջողական կեցվածքը, թե իբր ինքը ավելի քիչ է հանձնելու, որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծել է Բալասանյանը: