Մամուլ

Արտակարգ դեպք Նոր Խարբերդում․ տղամարդը խանութի ներսում պայթեցրել է մարտական նռնակը, 2-րդը չի հասցրել՝ շնորհիվ ոստիկանների

Արտակարգ դեպք Նոր Խարբերդում․ տղամարդը խանութի ներսում պայթեցրել է մարտական նռնակը, 2-րդը չի հասցրել՝ շնորհիվ ոստիկանների

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակներով զինված մտել է Խարբերդի առաջին փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկը և սպառնում է պայթեցնել։

Մինչ ոստիկանների ժամանումը, տղամարդը խանութի ներսում պայթեցրել է նռնակներից մեկը, ինչի հետևանքով խանութը կրել է նյութական խոշոր չափի վնաս՝ կոտրվել են ապակիները, դռները, վնասվել առաստաղն ու գույքը։

Ու մինչ նա կփորձեր գործի դներ 2-րդ F1 տեսակի մարտական նռնակը, ոստիկանները կարողացել են պրոֆեսիոնալ քայլերի արդյունքում վնասազերծել 2-րդ մարտական նռնակը, հակառակ դեպքում՝ եթե այդ նռնակը պայթեր, պատկերը հնարավոր է՝ ողբերգական լիներ։ 

Այդ տղամարդը ոստիկաների կողմից վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Մասիսի բաժին։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության սակրավորների ջոկատը՝ խմբի պետ Աշոտ Հովյաննիսյանի գլխավորությամբ։

Այս պահին 3 սակրավորներ խանութի ներսում կատարում են որոնողական աշխատանքներ պարզելու համար՝ արդյոք ներսում հնարավոր է նռնակ լինի։

Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վաչության փորձաքրեագիտական խմբի փորձաքրեագետները՝ Արման Հարությունյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից վնասազերծված տղամարդը մշտական բնակության վայր չունեցող 35-ամյա Արամ Հ․-ն է։

Պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Կիսվել