Արտակարգ դեպք Երևանում. մեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել. վարորդը հասցրել է կնոջն ու երեխաներին դուրս բերել
Արտակարգ դեպք Երևանում. մեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել. վարորդը հասցրել է կնոջն ու երեխաներին դուրս բերել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահամններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի «Վարդանանք» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Լուսինե Սահակյանի գլխավորությամբ:
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Suzuki մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի՝ վերածվելով մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարների աշխատանքն ապահովելու համար օպերատիվորեն ժամանել և տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառոյության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում վարորդը հրշեջներին ասում էր, որ ավտոմեքենան վարելու ժամանակ կրակ է նկատել, հասցրել է կնոջն ու 2 երեխաներին դուրս բերել ավտոմեքենայից, սակայն կրակն այնքան արագ է տարածվել, որ չեն հասցրել դրա տարածումը կանխել:
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: