Արտակարգ դեպք Երևանում. Գայի պողոտայում այրվում է Ford Transit-ը
Արտակարգ դեպք Երևանում. Գայի պողոտայում այրվում է Ford Transit-ը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա – Մոլդովական փողոցի խաչմերուկում Ford Transit մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները սեփական ուժերով փորձել են մարել կրակը, սակայն այն շատ արագ տարածվել է ամբողջ մեքենայով մեկ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտավազդ Հովհաննիսյանն ու Վահագն Հախվերդյանը:
Պարկեներն ու ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Կրակը մարվել է, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեխտաբար, տուժածներ չկան: Նոր-Նորքի ոստիկաններն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: