Արտակարգ դեպք Երևանում․ ամուսինը ծեծել է կնոջը և սպառնացել պտղից ազատվել
Արտակարգ դեպք Երևանում․ ամուսինը ծեծել է կնոջը և սպառնացել պտղից ազատվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող տներից մեկում ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը և սպառնացել, որ նրան կսպանի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ 39-ամյա կնոջը ծեծի է ենթարկել 34-ամյա ամուսինը ու սպառնացել, որ եթե կինը, ով հղի է, պտղից չազատվի, ինքը կսպանի նրան։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինը աշխատում է Հայաստանում հայտնի ապահովագրական ընկերություններից մեկում որպես վթարային մասնագետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։