Արմուշը ժամանել է Հայաստան. դերասանի հատուկ ելույթը Women’s club-ում և անակնկալը Արամ MP3-ին ու Գարիկին
Արմուշը ժամանել է Հայաստան. դերասանի հատուկ ելույթը Women’s club-ում և անակնկալը Արամ MP3-ին ու Գարիկին
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան, հումորիստ Արմուշը հատուկ հրավերով ժամանել է Հայաստան, սակայն մի քանի օր է` խուսափում է փողոց դուրս գալ, հանրային վայրերում լինելու դեպքում էլ «փախեփախ» է ման գալիս բոլորից, որպեսզի ոչ ոք չիմանա, որ Երևանում է և չփչացնի Արամ MP3–ին և Գարիկին սպասվող անակնկալը։
Tert.am Life–ի հետ զրույցի ընթացքում պարզվում է`դերասանը Հայաստանում է Women’s club–ում ելույթի հատուկ հրավերով։ Հայաստանում լինելու առիթը բաց չթողնելով` «Լավ երեկոյի» սցենարիստներից Ռոբերտ Մարտիրոսյանն առաջարկել է անակնկալ մատուցել Արամին և Գարիկին։
Այսպիսով` Արմուշի Հայաստանում լինելու մասին առաջինն իմացավ Women’s club–ի հանդիսատեսը։ Երբ համարներից մեկի ժամանակ անսպասելի բեմ բարձրացավ Արմուշը` կանացի ժեստերով դիզայների կերպարով, հանդիսատեսի ծափերն անդադար էին։ Դերասանը Women’s club–ի տոնական թողարկման հատուկ հյուրն է, որը եթերում կլինի Կանանց միջազգային օրը` Մարտի 8–ին։
«Վիտամին» ակումբի տնօրեն Վլադ Սահակյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ հանդիսատեսի արձագանքն ինքնին խոսում է այն մասին, թե Արմուշի ելույթը որքան սպասված էր։ «Փորձեցինք ամեն ինչ այնպես կազմակերպել, որ Արմուշը ելույթ ունենա հենց տոնական թողարկման ժամանակ։ Քանի որ Արմուշը «Վիտամին» ակումբի կարկառուն ներկայացուցիչներից է, նրա ներկայությունը միշտ շատ հաճելի է և՛ մեզ, և՛ հանդիսատեսին»,– ասաց Վլադը։
Անդրադառնալով կանացի ժեստերով դիզայների կերպարին, որով ներկայացավ դերասանը, Վլադը նկատեց, որ դա իրենց սցենարիստների մտահղացումն էր։ «Արմուշն այնպիսի դերասան է, որն ինչ կերպար էլ լիներ, կարող էր շատ լավ ներկայացնել, բայց որոշեցինք ընտրել կերպար, որն արդեն սիրված է հանդիսատեսի կողմից։ Սա Արմուշի վառ ընդգծված կերպարներից է, որը հանդիսատեսը միշտ շատ ջերմ է ընդունել։ Մտածեցինք, որ ճիշտ ժամանակն է թեմատիկ անդրադարձ անել»,– ընդգծեց «Վիտամին» ակումբի տնօրենը։
Women’s club–ում ներկայանալուց հետո էլ Արմուշը շարունակում էր թաքնվել և տանից դուրս գալու պարագայում օգտագործել գլխարկներ ու շարֆեր։ Նրա` Հայաստանում լինելու լուրը ոչ մի կերպ չպիտի հասներ Արամ MP3–ին ու Գարիկին։ Այս գաղտնիքը պահելու համար դերասանը մոտ 5 օր չի կարողացել այցելել հանրային վայրեր, հանդիպել ընկերների զգալի մասին, բայց Արամի և Գարիկի` եթերում ապրած շոկն արժեր այդ զոհողությանը։
Այսօր «Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի առաջին հաղորդման նկարահանումն էր, որն առանձնացավ նախորդ բոլոր թողարկումներից։ Արամն ու Գարիկը մոտ 1 շաբաթ տևած նախապատրաստական աշխատանքների ժամանակ լսել էին, որ իրենց հյուրը լինելու է Խորեն Լևոնյանը։ Հետաքրքիր հարցեր էին պատրաստել նրա համար։
Եթերում այդպես էլ հայտարարեցին` մեր հյուրն է` սրտակեր դերասան, հայտնի «սիմպո» Խորեն Լևոնյանը և… վարագույրը բացվեց ու հայտնվեց Արմուշը, որը հայտնի «սիմպո» չէ, բայց տղաների հարազատ ընկերն է։ Մարդ, որի հետ սկսել են իրենց ուղին ու երկար ճանապարհ անցել։ Արամի ու Գարիկի շոկը որոշակիորեն արտահայտվում է լուսանկարներում։
«Իսկապես շոկային է։ Երբ Արմուշին տեսա տաղավարում, մի պահ չէի հավատում, որ ինքն է, շատ անսպասելի էր, որ իրեն կտեսնեմ այստեղ։ Մի քանի րոպե տևեց, մինչև հասկացա, որ մենք ամեն դեպքում եթերում ենք։ Նույնիսկ մեջքով էի պտտվել տեսախցիկներին։ Մի անգամ էլ է եղել, երբ ես ԱՄՆ-ում էի, ինքը մեկնեց այլ քաղաք, դրա համար բացարձակ չէի կասկածում, որ կարող է Հայաստան գալ,– ասաց Արամն ու հավելեց, որ կարոտել էր Արմուշի հետ եթերում լինելուն։
– Մի քանի տարի է՝ միասին բեմում կամ եթերում չէինք եղել, բայց առաջին վայրկյաններից հասկացա, որ տարիների փորձն իրենն անում է։ Արմուշի պրոֆեսիոնալիզմն այնքան մեծ է, որ ինքն իր ներկայությամբ լցնում է եթերը։ Դու կարող ես ոչինչ չանել, ինքն իր էներգետիկայով ամբողջը կանի»։
Եթե Արամը մի քանի օր առաջ էր տեսել Արմուշին, Գարիկի դեպքում շոկային անակնկալին գումարվեց նաև կարոտը։ «Վիտամին» ակումբի տղաները հայտնի են ոչ միայն լավ գործընկերներ, այլև մտերիմ ընկերներ լինելով։
Առավել Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։