Մամուլ

Արմեն Սարգսյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու համար

Արմեն Սարգսյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու համար

Բանակի օրվա առթիվ, Հանրապետության նախագահի հրամանագրերով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինվորներ, սպաներ, գեներալներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով:

Հանրապետության նախագահի հրամանագրերով մի խումբ բարձրաստիճան զինվորականների շնորհվել են նոր զինվորական կոչումներ:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանձնելով պետական բարձր պարգևները, շնորհավորելով և իր բարեմաղթանքները հղելով Բանակի օրվա առթիվ՝ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու համար, իրենց կյանքը տվեցին դարեր առաջ, հարյուր տարի առաջ, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում:

Նշելով, որ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» ստեղծելու մասին որոշում, նախագահն ասել է, որ ազգային բանակը, ինչպես մեր անկախ պետականությունը, եղել է մեր երազանքը հարյուրավոր տարիներ: 

«Ինչ -որ իմաստով գուցե նաև ոչ միայն երազել ենք, այլև պատրաստվել ենք այս օրվան, երբ ունենք հզոր բանակ»,-ասել է նախագահ Սարգսյանը, որպես այդ պատմական ընթացքի փայլուն օրինակներ նշելով Առաջին հանրապետության օրերը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում և Հայրենական մեծ պատերազմում. ֆաշիզմի դեմ տարած այդ հաղթանակում չափազանց մեծ է հայ ժողովրդի ներդրումը, ի դեմս պատերազմին մասնակցած շուրջ 600 հազար զինվորների, որոնցից 300 հազարը չեն վերադարձել տուն, ի դեմս Խորհրդային Միության հայ հերոսների, գեներալների ու մարշալների:

«Մենք տարել ենք հաղթանակներ և ստեղծել հայոց բանակը, որը հաղթանակած բանակ է, տարածաշրջանի հզոր բանակը,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: 

-Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն»:

Կիսվել