Արմեն Սարգսյանը ենթարկվել է վիրահատության և վարակվել նոր տիպի կորոնավիրուսով․ նախագահի պարզաբանումը
Արմեն Սարգսյանը ենթարկվել է վիրահատության և վարակվել նոր տիպի կորոնավիրուսով․ նախագահի պարզաբանումը
Ըստ «Դեժավյու» տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար:
Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ «Նախագահը Հայաստանից մեկնել է մեծահարուստ, բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անձնական օդանավով:
Նախագահը ծննդյան տոները անցկացնելու է Լիբանանում հայտնի տուրիստական Ֆաքրա գյուղի՝ Վաչե Մանուկյանին պատկանող վիլայում: Նրանց հետ այս օրերին իր հանգիստն է անցկացնելու նաև հայտնի երգիչ Էլթոն Ջոնը:
Նրա այցը Լիբանան և Էլթոն Ջոնի հետ միասին ծննդյան տոները անցկացնելը համարվում է անձնական և գաղտնի է պահվել հանրությունից»,- գրել է տելեգրամյան ալիքը։
Hraparak.am-ը պարզաբանում է խնդրել նախագահի աշխատակազմից, ըստ «Հրապարակին» փոխանցված պաշտոնական պարզաբանման՝ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:
Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Նախագահ Սարգսյանը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։ Ինչ վերաբերում է Էլթոն Ջոնի հետ Լիբանանում գտնվելու վերաբերյալ տեղեկությանը, ապա այն սուտ է, և չի հապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտոնական պարզաբանման մեջ։
Չնայած, որ նախագահի աշխատակազմից հերքում են նախագահի՝ Լիբանանում լինելու հանգամանքը, սակայն Բեյրութի մեր աղբյուրները հաստատեցին, որ նախագահը Բեյրութում է՝ Էլթոն Ջոնի հետ։