Մամուլ

Արմավիրի մարզում 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մահացել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 14-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում «Էջմիածին» շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող «Դրախտ» սգո սրահի մոտ, որտեղ ծառի տակ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1ին վաշտի 1 դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի  հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։

djbaxt patahar 2

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 77-ամյա Հենրիկ Ղ.-ն է, ով Էջմիածին քաղաքի Երևանյան 14 հասցեում գտնվող ծառից ծիրան քաղելու ընթացքում վայր է ընկել, գլխով հարվածել բետոնե եզրաքարին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել