Մամուլ

Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել

Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։

Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանն այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնեց, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հիվանդության հիմնական դեպքերն արձանագրվել են Արմավիր և Մեծամոր համայնքներում։

Ասթինե Ապիտոնյանի խոսքերով՝ սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։

Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ա․ Ապիտոնյանը խնդրեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին հանձնարարություն տալ համապատասխան ստորաբաժանումներին, համայնքի ղեկավարներին, որ միջոցառումներ իրականացնեն։

Մասնավորապես՝ չորացնեն համայնքում առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրային կուտակումները, ախտահանեն տարածքները, իրականացնեն միջատասպան միջոցառումներ, ուշադրություն դարձնեն բազմաբնակարան շենքերի աղբատար համակարգերի մաքրությանը, ինչպես նաև ցանցերով ապահովեն ուսումնական հաստատությունների պատուհանները։

Վարչության պետը կարևորեց նաև բնակչության իրազեկումը, որ նրանք էլ իրենց բակային հատվածներում պայմաններ չստեղծեն միջատների բազմացման համար և իրականացնեն պայքարի միջոցառումներ։

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ օգոստոսի 30-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք է հաստատվել։

Կիսվել