Քաղաքականություն

Արման Սահակյան. «Դրա պատասխանը հայրս է լավ տվել, որ այդպիսի մի ասացվածք կա, չէ՞, «մի տան ծառից երկու ծիրան մի՛ պոկիր». «Ժողովուրդ»

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները, հավաքել 18 հազար 695 քվե եւ հաղթանակ տանել։ Չնայած այդ փաստին՝ Արման Սահակյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ հրաժարվել իրեն հասանելիք ԱԺ պատգամավորի մանդատից։

Ինչո՞ւ որոշվեց Սահակյանին թողնել նույն պաշտոնում, եւ ի՞նչ դեր ունեցավ այդ որոշման վրա տնից երկու պատգամավոր դառնալու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Արման Սահակյանի հայրը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ընդգրկված էր ՀՀԿ-ի համամասնական ցուցակում։

– Ըստ տեղեկությունների՝ Ձեր առջեւ պայման էր դրվել, որ կամ Դուք պետք է դառնաք պատգամավոր, կամ Ձեր հայրը՝ Գալուստ Սահակյանը։ Ձեր հայրը ինքնաբացարկ չի ներկայացրել եւ շարունակելու է լինել ԱԺ-ում։ Ներընտանեկան խոսակցություններ, նեղացվածություն չկա՞, որ Գալուստ Գրիգորիչը իր տեղը չզիջեց որդուն։

– Իհարկե, չկա։ Նման խնդիր գոյություն չունի։ Դրա պատասխանը, կարծեմ, հայրս է լավ տվել, որ այդպիսի մի ասացվածք կա, չէ՞, «մի տան ծառից երկու ծիրան մի՛ պոկիր»։

Անկեղծ ասած՝ ժողովրդի քվեն հենց դա ապացուցեց, եւ ես այդտեղ չեմ տեսնում որեւէ արտառոց բան, եթե մենք երկուսով հայտնվեինք Ազգային ժողովում, իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ հայրը երկար տարիներ քաղաքականությամբ է զբաղվում եւ կանգնած է մեր երկրի, մեր պետության անկախության կայացման ակունքներում, բնական է, որ ինձ համար շատ դժվար կլիներ այնտեղ, բայց դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում ես։

Ուղղակի եթե քաղաքական թիմը որոշել է, որ ես իմ գործառույթները պետք է իրականացնեմ գործադիրում, ես դա հաճույքով կանեմ, առավել եւս թող բոլորն էլ իմանան, որ ի նպաստ առաջինը մեր երկրի, մեր պետության կայացման գործում եւ երկրորդն էլ, բնականաբար, այն ընտրատարածքի՝ երկրորդ ընտրատարածքի աշխատանքներում ես անպայման ներգրավված եմ լինելու եւ անելու եմ ամեն ինչ, որպեսզի ինձ ընտրողների վստահությունը կարողանամ պահել մինչեւ վերջ։

 

Arman Sahakyan

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կիսվել