Մամուլ

Արհեստական կարմիր իշխան, թթվասերային մթերք` թթվասերի փոխարեն. ի՞նչ է ուտում Հայաստանը

Արհեստական կարմիր իշխան, թթվասերային մթերք` թթվասերի փոխարեն. ի՞նչ է ուտում Հայաստանը

Բնական մթերքի անվան տակ այսօր Հայաստանում վաճառվում է արհեստականորեն ստացված սնունդ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սպառողների ազգային ակադեմիա» հասարակական կազմակերպության մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հասրաթյանը։

Օրինակ` թթվասերի փաթեթավորման վրա շատ փոքր տառատեսակներով գրեթե աննշմարելի գրված է «թթվասերային մթերք» և դրա ստացման համար կաթնային յուղի փոխարեն օգտագործվել է բուսայուղ։ Բայց արտադրողի խաբեությունը հասկանալու համար սպառողը պետք է մասնագիտական գիտելիքներ ունենա սննդի անվտանգության ոլորտում։

«Կան տատիկներ, ծերեր, որոնք նույնիսկ եթե տեղեկացված լինեն, խանութում չեն կարող տեղում կարդալ այդ մանր տառերը, և այդ ապրանքը գնում են թթվասերի փոխարեն։ Նույն տուփով, նույն լոգոյով, նույն ապրանքանիշով արտադրում են` շփոթություն ստեղծելու համար։ Սա մոլորեցնելու նպատակ է հետապնդում»,– ասաց նա։

Հասրաթյանն անդրադարձավ նաև Հայաստանում կաթնամթերքի արտադրության մեջ լայնորեն կիրառվող կաթի փոշու խնդրին։ Նա հորդորեց արտադրողներին տուփի վրա պարտադիր մակնշել,որ սննդամթերքի պատրաստման մեջ կիրառվել է կաթի փոշի։ Իսկ ներկրողներին էլ խորհուրդ տվեց առավել անվտանգ երկրներից ներկրել այն։

«Այսօր Հայաստան մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրվում, մեծ մասը` Ուկրաինայից»,- ասաց նա` հավելելով, որ մեծ հարգանք տածելով այդ երկրի ու այդ ժողովրդի նկատմամբ` միաժամանակ պետք չէ մոռանալ Չերնոբիլի աղետի ու դրա` մինչ օրս չվերացված ցավալի հետևանքների մասին։

սննդամթերք սուպերմարկետ

Սպառողների ազգային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նշեց, որ Հայաստանը տարիներ շարունակ համարվել է անորակ նյութերի իրացման տարածք։

Որպես ասվածի ապացույց` նա հիշեց 90-ական թվականներին Հայաստան ներկրվող ու մեծ սպառում ունեցող հյութերի փոշիները։ «Ես շատ էի զարմանում, թե այդ սոցիալապես վատ պայմաններում մարդիկ ինչքան էին դրանք գնում։ Ոնց որ այդ հյութերը մեզ պետք է կշտացնեին»,– ասաց նա։

Վերջին տարիներին, Հակոբյանի դիտարկմամբ, գունանյութեր ու քիմիական տարբեր հավելումներ պարունակող սնունդը հայաստանյան վաճառակետերում նվազել է, բայց չի վերացել։

Իշխան ձուկ

«Նոր տարուց հետո ինձ զանգահարեցին, ասացին` շուկայից ձուկ ենք գնել։ Եփելիս ջուրը կարմրել է, ջրից հանելուց հետո էլ խռիկներից կարմիր ջուր է հոսում»,– պատմեց նա։

Լաբորատոր հետազոտություններն ապացուցել են, որ ձուկը ներկված է եղել` կարմիր իշխանի անվան տակ վաճառելու համար։ Բայց թե ինչ գունանյութ է կիրառվել, հետազոտությունները չեն բացահայտել։

Սպառողների շահերի պաշտպանը հորդորում է զերծ մնալ անբնական գույն ունեցող մթերքներ գնելուց և հիշեցնում` բնական մթերքը նման վառ գույն ունենալ չի կարող։

Կիսվել