Մամուլ

Արծվի արձանի մոտ հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արծվի արձանի մոտ, արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են մեկը «Այրվացքաբանության ազգային կենտրոն», մյուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։  

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է կայանում, քանի որ ավտոմեքենան ընթացքում է բռնկվել և հենց ճանապարհի բանուկ մասում ու որպեսզի հետաքրքրասեր վարորդները չկայանեն իրենց մեքենաները հրդեհի վայրում՝ գումարտակի հրամանատար Ա․ Մարտիրոսյանի հանձնարարականով ելնելով վարորդների անվտանգությունից և հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու հանգամանքից, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Սերժիկ Մ․-ն և 38-ամյա Ծովակ Հ․-ն։

Պարեկային ծառայությունը ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան լիցքավորվել է գազալցակայանում և մոտ 1 կմ վարելուց հետո վարորդն ու ուղևորը նկատել են, որ ավտոմեքենայից ծուխ և կրակ է դուրս գալիս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում