Մամուլ

Արթուր Վանեցյանը՝ վարչապետի հնարավոր թեկնածուի մասին

Արթուր Վանեցյանը՝ վարչապետի հնարավոր թեկնածուի մասին

168.am-ը գրում է. «Մենք պատրաստվում ենք իրականացնել անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ, շրջել մարզերով, ավտոերթեր իրականացնել: Օրենքով թույլատրված քաղաքական ամբողջ գործիքակազմը մենք օգտագործելու ենք»,- Կառավարության առջև լրագրողների հարցերին ի պատասխան՝ ապագա ծրագրերը ներկայացրեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե Վազգեն Մանուկյանը վարչապետի լա՞վ թեկնածու է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Մենք չենք քննարկել. Վազգեն Մանուկյանը մեր երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում, ունի իր ներդրած ավանդը երկրի հենց ամենասկզբից:

Եղել է մեր երկրի վարչապետը, հետո բանակաշինության մեջ է ունեցել մեծ ավանդ, և նրա փորձը և գիտելիքները, կարծում եմ, եթե լինի նման հարց, կարող է և օգտագործվել»:

Արթուր Վանեցյան

Լրագրողի դիտարկմանը, թե երեք թեկնածուների անուններ են նշում՝ Ձերը, Հրանտ Բագրատյանինը և Վազգեն Մանուկյանինը, ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքեց. «Ձեր լրատվամիջոցն է նշել, և չգիտեմ՝ ինֆորմացիան որտեղից եք ստացել»:

Հարցին, թե ո՞վ է վարչապետի Ձեր թեկնածուն, նա պատասխանեց. «Վարչապետի թեկնածուն ամենաերկրորդական հարցն է: Նորից եմ կրկնում՝ սա զուտ քաղաքական պայքար չէ, այստեղ պաշտոնի համար պայքար չէ, այստեղ պայքար է հայրենիքի փրկության համար, ուստի վարչապետի անձը, թե ով կլինի այդ վարչապետը, հավատացե՛ք, շատ արագ կոնսենսուսի միջոցով կհայտարարվի:

Միայն մի բան կարող եմ ասել՝ չի՛ կարող լինել վարչապետ մի մարդ, ով չունենա հանրային աջակցություն»:

Կիսվել