«Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված կոչ է արել բոլոր երկրների կառավարություններին
«Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված կոչ է արել բոլոր երկրների կառավարություններին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները փետրվարի 28-ին հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ռիսկն այժմ շատ բարձր է գնահատվում: Այս մասին տեղեկացնում է cnbc.com կայքը:
«Մենք գտնվում ենք կորոնավիրուսի տարածման ու ազդեցության տեսանկյունից ռիսկայնության ամենաբարձր մակարդակի վրա: Սա իրականության գնահատում է մոլորակի բոլոր կառավարությունների համար:
Արթնացե՛ք, պատրաստվե՛ք: Այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել, և դուք պետք է պատրաստ լինեք:
Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»,- հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, դոկտոր Մայք Ռայանը:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսն էլ ներկայացրել է կորոնավիրուսի տարածման համայնապատկերը տարբեր երկրներում և նշել է, որ պատրաստ լինելու դեպքում այն սարսափելի չէ, սարսափելի է միայն խուճապը, որը ստեղծվել է մարդկանց մոտ:
Մի շարք երկրներում, օրինակ` Շվեյցարիայում, կորոնավիրուսով վարակվելու դեպքերի բացահայտումից հետո արգելվել են զանգվածային միջոցառումները։
Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 86 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 55 երկրում: