Արթիկի ՔԿ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետևանքը
ArmLur.am-ը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունից ArmLur.am-ին հայտնել են, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից։
Ենթադրվում է, որ վերջինիս ազատումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 28-ին հրապարակված տեսանյութով, որտեղ արձանագրված է անչափահաս երեխայի նկատմամբ ծեծի և նվաստացման դեպք, որի մասնակիցներից մեկը Ռուբեն Գասպարյանի որդին է։
Հիշեցնենք, որ դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ անչափահասներ ծեծում և նվաստացնում իրենց հասակակցին՝ ամբողջ ընթացքը տեսանկարահանելով։ Համացանցում լայն արձագանք եղավ, բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին։
Ըստ տարածվող տեղեկությունների՝ անչափահասին ծեծողներից մեկը «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։
Տարածվող մեկնաբանություններից մեկում նշվում է.
«Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտային՝ չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում։ 14–15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» է տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ, ավելի ճիշտ, պետք է պայքարի) ենթամշակույթի դեմ, ապա ի՞նչ է խոսվել տանը կամ ի՞նչ է ցույց տրվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է ձևավորվել, և ինչո՞ւ է նա իր ագրեսիան այդպես դրսևորում»։
Այս դեպքով Քննչական կոմիտեն 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Դատարանը նրանցից մեկին 1 ամսով, երեքին՝ 20 օրով կալանավորելու որոշում է կայացրել, իսկ անչափահասներից մեկի նկատմամբ սահմանվել է տնային կալանք»։



