Արդյոք Կաթողիկոսը զավակ ունի՞. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի պատասխանը
Ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ: Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է պարզել, թե արդյոք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ երեխա ունի, թե ոչ։ Ու եթե ունի երեխա, ապա նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
«Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները փորձեն գահընկեց անել Վեհափառ Հայրապետին, փոխարինել նրան՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց. «Օրենսդրությունը իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահո՞ւմ է։ Պետք է փորձել ջանքեր գործադրել օրենսդրության պահպանման համար։ Երբ որ անելիքներ լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում, կբարձրաձայնենք
Իսկ կա՞ն կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը, հարցին էլ, նշեց. «Ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Կասկածի որդ կա որ նաև, որ ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։
Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ ձեզանից որևէ մեկը ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզանից որևէ մեկին։ Դա ճիշտ հարցադրում չէ»։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք Մայր Աթոռը իրավապահներին կդիմի զրպարտանքներին իրավական գնահատական պահանջելու համար, Սրբազան հայրը պատասխանեց. «Չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ նկատվեց, չի բացառվում։ Իրավիճակի հետ կապված կհասկանանք հարմար նկատված մոտեցումները կցուցաբերվեն»։