Ազատ խոսք

Արդեն կարող ենք փաստել, որ կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը. Արթուր Ղազինյան

Արդեն կարող ենք փաստել, որ կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

«Արդեն կարող ենք փաստել, որ կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը։

Կառավարության հակաճգնաժամային փաթեթները չեն լուծելու տնտեսության կենսագործունեության նվազագույն խնդիրները, եթե չասենք, որ ավելի խորացնելու են ճգնաժամը և կործանելու են տնտեսության կարևորագույն սեկտորները։

Տնտեսության ռեալ սեկտորին օժանդակելու փոխարեն, հեղափոխակարգ իշխանությունները գնացին բանկերին օգնելու ճանապարհով՝ առաջարկելով տնտեսվարողներին ավելացնել առանց այն էլ անտանելի դարդած պարտքային բեռը։

Նույնիսկ սուբսիդավորվող տոկոսների պարագայում կառավարությունը սահմանել է այնպիսի պահանջներ և ամրագրել է այնպիսի ֆիլտրներ, որոնց կարող են բավարարել հակուկենտ տնտեսվարողներ։

Գտնվելով բանկային լոբբինգի ճնշման տակ և նվազագույն գաղափար չունենալով տնտեսության կառուցվածքի մասին, կառավարությունը անտերության մատնեց տնտեսության հիմնական շարժիչ ուժին՝ մարդուն, և օժանդակության առյուծի բաժինը ուղղեց բանկային սեկտորին։

Սրանից մեր բանկերը չպետք է ուրախանան, քանի որ տնտեսության ռեալ սեկտորին չօժանդակելու դեպքում իրենց կողմից տրամադրված վարկային փաթեթները չեն կարող արդյունավետ սպասարկվել՝ անխուսափելիորեն հանգեցնելով ճգնաժամի արդեն երկրորդ ալիքին, որի հիմնական թիրախը լինելու է բանկային համակարգը։

Մինչդեռ բանկերի փոխարեն պետական օժանդակությունը պետք է ուղիղ տրամադրվեր տնտեսվարողներին՝ աշխատավարձերի և վարձավճարների 100%-ոց փոխհատուցման միջոցով՝ առկա աշխատատեղերը պահպանելու, անշարժ գույքի շուկան կայուն պահելու և կառանտինի պայմաններում կառավարության որոշմամբ իրենց տնտեսական գործունեությունը հարկադիր դադարեցրած տնտեսվարողների ֆիքսված ծախսերից ազատելու նպատակով։

Իսկ չգրանցված աշխատողներին, որոնց մեջ մտնում են ստվերում գործող և օրավարձով աշխատող ՀՀ քաղաքացիները, կառավարությունը պետք է մշակեր օժանդակության առանձին մեթոդոլոգիա և գործարկեր էքստրաօրդինար գործիքակազմ, որով հնարավոր կլիներ նույնականացնել նրանց և տրամադրեր անհատական օժանդակություն։

Ասվածը տնտեսագիտորեն հիմնավորման լրացուցիչ անհրաժեշտություն չունի, քանի որ տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողն էլ կհաստատի, որ այս ոլորտներում ներդրված պետական օժանդակությունը հավելյալ արժեքի տեսքով ժամանակի ընթացքում կվերադառնա ՀՀ պետական բյուջե՝ իրենց տնտեսական կենսագործունեությունը պահպանած տնտեսվարողների կողմից ժամանակին և բարեխղճորեն վճարված հարկերի և տուրքերի տեսքով։

Այս իրավիճակում հնարավոր չէ նույնիսկ մտածել և խոսել հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության մասին։

Հ.Գ. Մարդ պետքա մի քիչ էլ բախտ ունենա, որ այդպիսի ճգնաժամային վիճակում նման… իշխանություն ունենա»։

Կիսվել