Շոու-բիզնես

«Արդեն ինը տարի է՝ տորթի մոմերը փչելիս իմ երազանքը չի փոխվում». Լիլիթ Կարապետյանը՝ տարեդարձի և մի ցանկության մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը հունիսի 10-ին իր ծննդյան տոնի մոմերը փչել է աշխատանքային մթնոլորտում, չնայած, ինչպես նշում է, տրամադրված չէր այս տարի ծնունդը նշելու, բայց ընկերները նրա համար օրն իրական տոն են դարձրել: Երգչուհին BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է մանրամասները և տրամադրել լուսանկարներ:

«Իմ շատ մտերիմ ընկերը՝ Տիգրան Հարությունյանը, ինձ համար դեռ կեսգիշերին էր անակնկալ պատրաստել: Նա բարձրացավ բեմ, կանչեց ինձ և գործընկերներիս, համբուրեց, շնորհավորեց: Երեկոն անակնկալներով էր, ընկերուհիս, ով բնակվում է ԱՄՆ-ում, շատ գեղեցիկ տորթ էր ուղարկել՝ վրան իմ կերպարով արձանիկ, մրցանակ՝ վրան գրված՝ «ամենալավ ընկերուհուն», բազմում ծաղիկներ և փուչիկներ եմ ստացել: Այն ակումբում, որտեղ աշխատում եմ, տնօրինության կողմից ևս գեղեցիկ անակնկալներ եմ ստացել»,- պատմում է Լիլիթը, ում համար աշխատանքային երեկոն բազում անակնկալներով է անցել:

Երգչուհու ծննդյան օրը՝ առավոտյան, ընկերները նրան անակնկալ էին մատուցել. «Նրանք ինձ խնդրել էին, որ ոչինչ չպլանավորեմ առավոտյան, քանի որ պետք է գնայինք քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու: Շատ գեղեցիկ օր ունեցանք, լրիվ հայկական ավանդական տարբերակով էինք նշում, խորովածն էլ անպակաս էր:

Երեկոյան վերադարձա Երևան, գնացի աշխատանքի, որտեղ ինձ կրկին բազում անակնկալներ էին սպասվում»: Լիլիթը նշում է, որ անցած տարվա ծննդյան տարեդարձը ամենատպավորիչն էր. «Իմ գործընկերների և ընկերների հետ միասին փակել էինք Երևանի ակումբներից մեկը․ երգում էինք, պարում, մաֆիա խաղում: Ընկերներս շատ գոհ էին և ասում էին, որ նման լավ ծնունդ դեռ չէին ունեցել»:

«Ես իմ տեսակով հաճախ ինձ մղում եմ հետին պլան թե՛ իմ ծննդյան առումով և թե՛ առհասարակ: Ինչ անում եմ, մտածում եմ իմ կողքի մարդկանց, իմ ընտանիքի մասին: Այս պարագայում ծննդյան տարեդարձի հետ կապված մտածում եմ, որ ոչ թե ինձ հարմար լինի, այլ իմ հյուրեր իրենց լավ զգան․ ես դրանից եմ հաճույք ստանում»:

lilit karapetyan1

Լիլիթը նշում է, որ կյանքի տարբեր փուլերում և տարիքում տարբեր մարդիկ են օրը տոն դարձնում. «Իսկ հիմա այս փուլում արդեն ընտանիքիս հետ եմ ժամանակ անցկացնում, ես եմ այդ ամենը ստեղծում, քանի որ ես պետք է ուրախացնեմ մորս և որդուս: Իսկ դեպքում արդեն ընկերներս են իմ օրը տոն դարձնում, գեղեցկացնում, քանի որ ես այդ առումով շատ հարուստ եմ, լավ ընկերներ ունեմ, ինչը մեծ ձեռքբերում է:

Մինչ որդուս ծնունդը միշտ մտածել եմ, որ ընտանիքիս անդամներն առողջ լինեն և աշխատանքի հետ են կապված եղել իմ երազանքները, բայց արդեն ինը տարի է՝ դրանք չեն փոխվում. ուզում եմ՝ որդիս առողջ լինի, իսկ մնացածն ինքս կարող եմ անել»:

Աղբյուր՝ blognews.am

Կիսվել