Արբիտրաժ դիմելու 1% շանս անգամ չունի Լիդիանը, դիմող լիներ, արդեն կդիմեր․ Լուսինե Հարոյան
Արբիտրաժ դիմելու 1% շանս անգամ չունի Լիդիանը, դիմող լիներ, արդեն կդիմեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային Առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը։
«Ամուլսարի մասին
Այսօր հույժ կարևոր և հրաշալի բան է տեղի ունեցել: Ջերմուկցիները նորից կտրականապես մերժել են Լիդիանի աշխատակիցների մուտքը Ամուլսարի հանքատեղի:
Սա իրոք շատ կարևոր է:
Բացատրեմ, թե ինչու:
Մի քանի օր առաջ Փաշինյանը «лазутчик»-ներ էր ուղարկել Ջերմուկ, որ համոզեն ջերմուկցիներին Ամուլսարի ճանապարհները գոնե մի քանի օրով բացելու` իբր թե Լիդիանի կողմից ձմեռացման աշխատանքներ տանելու համար:
Իրականում սա հերթական կեղտոտ քայլն էր Փաշինյանի ազգադավ իշխանության կողմից: Տեսեք, թե ինչումն է խնդիրը. Լիդիանն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ և փորձում է նոր համաձայնագրեր կնքել իր պարտքերի մարման երկարացման համար` վերջին համաձայնագրով, ֆինանսական պարտավորությունների գծով մարման ժամկետը սահմանվել է մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը:
Արբիտրաժ դիմելու 1% շանս անգամ չունի Լիդիանը, առավել ևս այն թվերի պահանջով, որով մեզ վախեցնում էր Փաշինյանը. սա արդեն պարզ է` սպառվել է ի սկզբանե ստեղծված ընկերության ժամկետը դրա համար, դիմող լիներ, արդեն կդիմեր:
Հիմա Լիդիանը երկու նոր ընկերություն է բացել Մեծ Բրիտանիայում և Կանադայում` որոնց միջոցով միայն կարող է դիմել արբիտրաժ, բայց այդ ընկերությունները նա բացել է մեզ մոտ Ամուլսարի ճանապարհները փակվելուց հետո, և արբիտրաժային դատարանն անպայման հարց կտա Լիդիանին, թե ինչու՞ է նա բացել այդ ընկերությունները, ներդրումներ արել, եթե ճանապարհներն արդեն փակ էին, և ինքը ոչ մի գործողություն չէր կարող անել:
Հիմա, եթե Լիդիանը թեկուզ մեկ օրով կարողանում է մտնել տարածք և որոշակի գործողություններ իրականացնել, նրա շանսերն արբիտրաժում մեծանում են. եթե հաշվի առնենք նաև այն շատ կարևոր փաստը, որ պարտքերի մարման ժամկետը մինչև դեկտեմբերի 20-ն է, և Լիդիանին շատ դժվար կլինի բացարձակ անգործության պայմաններում պարտքերի մարման երկարաձգման նոր համաձայնագիր կնքել, արդեն լիովին հասկանալի է դառնում Փաշինյանի «ոտուձեռ ընկնելը», որ ջերմուկցիներին համոզի թեկուզ մի քանի օրով ճանապարհը բացել:
Փառք Աստծո, ոչ ոք դրան չի գնացել: Հպարտությամբ նշեմ, որ քննարկմանը և որոշման ընդունմանը Ջերմուկում մասնակից էր նաև մեր շարժումը` Համահայկական Ազգային Համաձայնությունը:
Իսկ երկրի համար վճռորոշ այս պահերին խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմությունը տունտունիկ կխաղան, կբեմադրեն նեմեց-անդո-գռզո սերիալը, պողոսապետը Հրապարակը մեծ համբուրգերանոցի կվերածի ու ՀՀ «հպարտ» քաղաքացիներին հանրահավաքի կկանչի` մտմտալով, թե ուրիշ ո՞նց կարելի է խաբել ու «սղղցնել» իր ծրագրերը:
Ֆեյսբուքցիներ ջան, սովորեք տարբերել առաջնայինն ու երկրորդականը, մի տրվեք էժանագին լուրերի ազդեցությանը, որով մեզ փորձում են շեղել կարևորից»: