Արարատի մարզում քաղաքապետարանի աշխատակիցները շենքի բակում հայտնաբերել են տղամարդու մարմին
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի հարևանությամբ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են մոտ 40-50 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։