Արարատի մարզում կրակոցներ են արձակել «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած «Mercedes»-ի վրա
Այսօր ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի Վանաշեն գյուղում կրակոցներ են հնչել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, քրեական և համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են որ կրակոցներն արձակվել են Mercedes 600 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Ոստիկանները, հետո նրանց միացած քննիչները, Վեդի քաղաքի Վիլյամ Սարոյան փողոցի տներից մեկում հայտնաբերել են նշված Mercedes-ը, որի վրա, այդ թվում՝ դիմապակուն, առկա են կրակոցի մի քանի հետքեր։ Նշված ավտոմեքենայի վրա քննիչներն ու փորձաքրեագետը հայտաբերել են կրակված գնդակներ։
Մինչ Վեդիում աշխատում էին քննիչն ու փորձաքրեագետը, քրեական ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Արտաշատ քաղաքում կա վառված «Opel» մակնիշի ավտոմեքենա և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այն նույնպես կապ ունի այսօր տեղի ունեցած կրակոցների հետ։
Այս պահին վառված ավտոմեքենայի դեպքի վայրը պարեկները՝ ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ, սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն քննիչներն ու փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարելիս է եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանվածի որդին։
Քննիչի հանձնարարականով թե Mercedes-ը, թե վառված Opel-ը տեղափոխվում են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։