Մամուլ

Արագած Ախոյանը կալանավորվել է

Արագած Ախոյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։

Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։

Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ․ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34.000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։

Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան:

Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42.560.000 ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել