Մամուլ

Ավտովթար Սևան-Երևան ճանապարհին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մահացածն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նշում էին նաև, որ բոլոր վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկային ծառայության մի քանի ավտոմեքենաներով։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությամ և ճանապարհի թույլատրելի հատվածում եղել են կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է «Opel»-ին, «Opel»-ն էլ առաջ ընթանալով բախվել է «BMW»-ին։

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):

Կիսվել էջում