Ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ն բախվել է շենքի պատին․ կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Գագիկ Կ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի շենքի պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Միշա Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Փաշայանն ու Աստղիկ Թորոսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից նշված ավտոմեքենային հարվածելն ու դեպքի վայրից ճողոպրելը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է՝ ինչ մակնիշի ավտոմեքենա է, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։