Ավտովթար՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող մեքենայի մասնակցությամբ
Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ նախնական տեղեկություններով վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։