Ավտոբուսի վարորդը 1 օր բացակայել է, 40․000 պահել են աշխատավարձից
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն Oragir.News-ի հետ զրույցում բողոքում են, որ 1 կամ 2 օր բացակայության համար իրենց աշխատավարձերից պահվում է մի քանի անգամ շատ գումար, քան իրենց 1 օրվա հասույթն է։
Վարորդներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, ասաց, որ իր գործընկերը վարում է 16 համարի երթուղին սպասարկող «Ժոնգթոնք» մակնիշի կապույտ ավտոբուսը, 14 օրվա փոխարեն 13 օր է աշխատել, բայց 40․000 դրամ քիչ աշխատավարձ են վճարել։
«Մենք ստանում ենք մոտ 310․000 աշխատավարձ, ընդամենը 1 օր է բացակայել, այն էլ նախապես տեղեկացրել է, աշխատավարձ է ստացել 268․000 դրամ՝ 42․000 դրամ պակաս։ Մենք օրը 40․000 աշխատո՞ւմ ենք, որ այդքան գումար են պահել մարդու աշխատավարձից»,- ասաց մեր զրուցակիցը։
Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն, որտեղից պատասխանեցին՝ տվյալ վարորդը բացակայել է ոչ թե 1, այլ 2 օր։
«Տվյալ վարորդն աշխատել է 12 օր ու ստացել է 12 օրվա լիարժեք աշխատավարձ։ Դա փաստաթղթավորված է, լրիվ հիմքերով, կարող ենք որպես ապացույց տվյալ փաստաթուղթը տրամարդել։ 309․500 դրամը, որ բաժանեք 14 օրվա վրա, կստանաք այնքան գումար, որքան, որ ստացել է տվյալ վարորդը»։