Մամուլ

Ավինյանն իմ ընկերն է, եթե լիներ նիստին, կողմ կքվեարկեր, Ալեն Սիմոնյանն ընկերս չէ, առաջիկայում կխոսեմ դրա մասին. Հայկ Սարգսյան

Ես ինձ տեսնում եմ Ազգային ժողովում, որևէ ամբիցիա չունեմ այլ պաշտոն զբաղեցնելու:

Տիգրան Ավինյանը չի մասնակցել նիստին և դեմ չի եղել, նա իմ ընկերն է, եթե ինքը տեղում լիներ՝ կողմ կքվեարկեր: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը:

Հարցին, թե արդյո՞ք վարչությունը ներկայացրել է հիմնավորում մերժման համար, Հայկ Սարգսյանը պատասխանեց.

«Ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել, վարչության անդամներից մեկը բանավոր խոսքով փոխանցել է վարչության դիրքորոշումը»:

Անդրադառնալով իր բողոքարկմանը՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ եթե նեղված լիներ՝ չէր բողոքարկի, այլ «կգնար տուն»:

«Ես չեմ ցանկանում դավաճանել իմ սկզբունքները և այն ժողովրդին, որը մեզ բերել է իշխանության: 2018 թվականի ապրիլի 22-23-ին, երբ 100,000 մարդիկ դուրս եկան փողոց, ես կալանքի մեջ էի, ինձ սպառնում էր մինչև 8 տարի ազատարկում: Եթե ժողովուրդը դուրս չգար պայքարի, ես կգտնվեի անազատության մեջ»:

Խոսելով Տիգրան Ավինյանի մասին՝ Հայկ Սարգսյանը հավելեց, որ համարում է նրան Երևանի լավագույն քաղաքապետներից մեկը, եթե ոչ ամենալավը:

Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Հայկ Սարգսյանն Ալեն Սիմոնյանի հետ, նա էլ է՞ իր ընկերն այնպես, ինչպես Տիգրան Ավինյանը, պատասխանեց, որ ոչ՝ առաջիկայում կխոսի դրա մասին:

«Ակնկալիք ունեմ, որ վարչությունը ինձ կլսի, ու նոր որոշում կկայացնի»,- եզրափակեց նա: